Ընթերցում է արդյոք գորիսեցին կամ ընթերցասեր հասարակությունը մեր օրերում




2012թ.-ի ապրիլի 23-ին Երևանը ճանաչվեց գրքի մայրաքաղաք: Այդ օրը մեծ տոն էր ամբողջ Հայաստանում: Օրվա դերն ու նշանակությունը հատկապես կարևորում էին այն մարդիկ, ովքեր անչափ մոտ են գրականությանը և շատ են սիրում ընթերցել: 


Իսկ արդյո՞ք դա մեծ ոգևորություն առաջացրեց հայ հասարակության մեջ, արդյո՞ք տոնը բազմաթիվ երիտասարդների ուղղեց դեպի գրադարանները:

Իմ հարցերի պատասխանը գտնելու համար այցելեցի Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժին, որտեղ գրադարանավարուհի Սուսաննա Հարությունյանը հանգամանալից պատասխանեց ինձ հուզող բոլոր հարցերին:

Ի ուրախություն բոլորիս, տիկին Հարությունյանը նշեց, որ Գորիսում ընթերցասիրությունը բարձր մակարդակի վրա է, գրադարանն ունի շատ այցելուներ, որոնց մեծ մասն ուսանողներ են:

Հենց նույն պահին նա հիշեց նաև ամենաընթերցասեր երիտասարդներից երկուսին` Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտ Հակոբ Օհանջանյանին և Գորիսի Պետական Համալսարանի ուսանողուհի Ալինա Թելունցին: Սակայն տիկին Հարությունյանը ցավով նշեց, որ գրադարանում գրքի մեծ պակաս է զգացվում.

-Ցավոք սրտի շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ ստիպված ենք լինում մերժել այցելուներին` պահանջած գիրքը չունենալու պատճառով,-ասում է տիկին Սուսաննան:

Նա նշեց նաև, որ շատ անգամ են դիմել կրթության և գիտության նախարարությանը, անգամ նամակ են գրել անձամբ նախարարին, սակայն` ԼՌՈՒԹՅՈՒՆ...

Խնդիր է նաև այն, որ գրադարանի «կահ-կարասին» , որտեղ պահվում են երկար կյանք ապրած գրքերը, բավականին հին է և օգտագործման քիչ պիտանելի:

Գրադարանի անձնակազմը մեծ հույս ունի, որ միջազգային այս մեծ հաղթանակը հաղթանակ կդառնա նաև Գորիսի գրադարանի համար:

                                                               Հասմիկ Գրիգորյան

0 коммент.: