Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները


  Ռուսաստանում  արդեն մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը. Հեռավոր Արեւելքի երեք տարածաշրջաններում բացվել են ընտրական տեղամասերը: Այս րոպեներին քվեարկությունն սկսվել է Կամչատկայում, Չուկոտիայի ինքնավար մարզում եւ Մագադանում:

  Մեկ ժամից քվեարկությունը կմեկնարկի նաեւ Սախալինի մարզում, Խաբարովսկի եւ Պրիմորիեի երկրամասերում: Քվերակությունը տեւելու է տեղական ժամանակով ժամը 08.00- 20.00-ն: Ամենաուշը քվեարկում են Ռուսաստանի ամենարեւմտյան կետի` Կալինինգրադի մարզի բնակիչները, որտեղ ընտրական տեղամասերը կփակվեն երեւանյան ժամանակով ժամը 21.00-ին: Դրանից հետո էլ ԿԸՀ-ն կսկսի հրապարակել Հեռավոր Արեւելքի, Սիբիրի եւ Ուրալի նախնական արդյունքները:

  Ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի մոտ 110 մլն ռուսաստանցի:  Կբացվի  ավելի քան 95 հազ. ընտրական տեղամաս, այդ թվում`  350-ը արտերկրում: Հայաստանում ՌԴ քաղաքացիները կարող են քվեարկել Երեւանում ՌԴ դեսպանատանը  եւ Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում բացված տեղամասերում:Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու:

  Հիմնական պայքարը մղվում է վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի միջեւ: Ողջ ինտրիգը նրանում է, թե կկարողանա՞ Պուտինն ստանալ 50%-ից ավելի քվե, ինչն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթելու համար, թե՞ ստիպված կլինի երկրորդ փուլում հանդիպել Զյուգանովի հետ: Նախագահի պաշտոնի հավակնորդներից են նաեւ լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը եւ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

  Ռուսաստանի նախագահն ընտրվում է  6 տարի ժամկետով:

0 коммент.: